2007-06-04

Անհնարին երջանկություն

Տղամարդու ծանր շնչառություն: Կնոջ խենթացնող հայացք, շարժումներ...
Դուռը փակելուն պես՝ զսպված արցունքի կաթիլներ այտերն ի վար: Կարծես ինքն իր վրա բարկանալով վայրկենական թուլության համար՝ խորը շունչ է քաշում, լվացվում և վերադառնում սենյակ: Աննկատելիորեն կեղծ ամաչկոտությամբ փոխադարձում է տղամարդու դեմքի երանավետ արտահայտությունը, համբուրում, վերցնում ծրարի մեջ դրված գումարը և հեռանում` կամացուկ փակելով դուռը:
...Ինչքան երջանիկ էր մեկ այլ դուռ փակելիս, երբ ամուսնու հետ մեկնում էին արտագնա աշխատանքի, որի շնորհիվ կարող էին գումար վաստակել՝ երեխա ունենալու համար:
...Եվ ինչպես էր խելագարվում, երբ ամուսնու օտար ու սառը ժպիտից վերջնականապես հասկացավ, որ այդ ամենը խաբեություն էր՝ իրեն ապրանքի պես վաճառելու նպատակով: Ինչպե՞ս պահպանել հավատը մարդկանց նկատմամբ, ու՞մ վստահել, երբ մտերիմն է դավաճանում:
...Իսկ երբ մի կերպ կարողացավ վերադառնալ՝ հիվանդ մարմնով ու տառապյալ հոգով, երես թեքեցին և արհամարհեցին, չհավատացին ու չհասկացան: Բոլոր դռները փակվեցին:

Անկենդան աչքերը ուղղված են բժշկի աշխատասենյակի լուսամուտից այն կողմ՝ հեռվում խտացող ամպերին...
...Ուզում էր ապրել, պարզապես ապրել: Բայց փոքրիկ քաղաքում լուրերն արագ են տարածվում: Կարոտ էր սփոփանքի ու խաղաղության, իսկ շուրջը դիմակներ էին, և անգամ պատանեկության տարիների սիրահարներն էին կեղծում: Փորձում էր աշխատանք գտնել՝ անհրաժեշտ բուժման վարձը վճարելու համար, իսկ յուրաքանչյուր նոր աշխատավայրում վաղ թե ուշ սկսվում էին արհամարհական ժպիտներն ու անպարկեշտ առաջարկները: Լալիս էր ու տառապում, մտածում վերջակետ դնելու մասին, բայց երիտասարդ էր և ուզում էր ապրել: Ու մայր դառնալ:
Փրկության փարոս երեխան, որին պիտի ծներ:
...Տեղափոխվեց այլ քաղաք: Հիվանդանոցի ծախսերը հոգալու համար վերադարձավ զբաղմունքին, որն օտարության մեջ ստիպված էր կատարում:
...Իսկ այսօր տեղեկացրեցին, որ երբևէ չի կարողանալու երեխա ունենալ:

Լայն բացված լուսամուտից ներս լցվող կատաղի անձրևի տարափն ու խավարը թրատող կայծակի հրացոլքերը մահճակալին փոթորկվող ծովում մոլորված նավակի տեսք են հաղորդում: Քամին անխնա ձաղկում է վարագույրը՝ կարծես փորձելով պոկել վերջին հույսի առագաստը և խորտակել միակ ուղևորին...
Բայց մահճակալը դատարկ է...
Որոտի ահարկու դղրդյունների միջև ընկած հազվագյուտ խաղաղ ակնթարթների ժամանակ սենյակի անկյունից հեծեծանքներ են լսվում, որոնք անցնում են անգամ բերանին սեղմած բարձի միջով... Դրանք լսել չի կարելի: Ողբի մեջ մարդկային ոչինչ չկա արդեն. այդպես ձագերին կորցրած գայլուհին է ոռնում...
...Երբևէ զգացած ամենասարսափելի տանջանքների ու ցավերի ժամանակ անգամ. նույնիսկ երբ պահում էին ոտքերն ու ձեռքերը և հարվածում որովայնին ...ու դեռ չծնած ապագան պատառոտում... ի՞նչն էր ետ պահում ինքնասպան լինելու համար բավարար վերջին պոռթկումից. այն մանուկի լուսե տեսիլքը, որ մի անգամ նկատել էր սիրելիի աչքերում... Եվ երբ այնտեղ՝ օտարության մեջ, ուր ոչ ոք չէր խղճում, գալարվում էր ցավից ու մինչև իսկ բերանը սեղմած վախենում էր լաց լինել՝ լքված, մթության մեջ, գետնի վրա կծկված... դեռ հավատում էր ու աղոթում...
Բայց ինչպե՞ս շարունակել ապրել՝ մայրության մեռած աղբյուրով, երբ անհնար է կյանքին կապող վերջին երազանքը...

Անարև առավոտ:
Ոչ ոք չունի մնաս բարով ասելու: Ոչ մի հույս, ոչ մի մեղադրանք: Ոչինչ: Դատարկություն:
Վերջին պահին հիշեց, թե ինչպես էր մանկության օրերին երազում թռչնի պես ազատ ճախրել երկնքում: Ուրեմն կամրջից:
Փողոցային երաժշտի ու մուրացկանի միջև կանգ առավ. ծրարը: Մի պահ տատանվելուց հետո դրեց երաժշտի գլխարկի մեջ՝ նա պայքարում է:
Մտքում մնաս բարով էր ասում ու առաջին անգամվա պես դիտում տխուր ու բարկացած դեմքերի հեղեղը... Կամուրջը արդեն երևում էր:
Գամվեց տեղում. ինչ-որ բան այն չէր: Ետ նայեց. սովորական տեսարանը արդեն հասցրել էր վերականգնվել: Փակեց աչքերն ու փորձեց վերապրել պահը. անծանոթ մի անցորդի ժպիտը... Աչքերը բացել չհասցրած՝ մոր հետ կապված միակ հուշը՝ ուրախ ծիծաղը նրա գրկում... Իր մանկության տուն մանկատունը...
Վայրկենապես, գրեթե ենթագիտակցաբար կայացված որոշում. պիտի ապրի: Որպեսզի գոնե մի լքված մանուկի սեր ու ջերմություն տա...

Շուրջբոլորը խաղալիքներ են... Փոքրիկ մի աղջնակ մեջքով դեպի դուռը նստած խաղում է: Հանկարծ շրջվում է և նկատելով ասես հրաշագեղ տեսիլքը անէացնելու երկյուղից շեմին քարացած կնոջը՝ ուրախ ծիծաղում ու թևերը բացելով կանչում՝ մայլի~կ...
Ներսում ինչ-որ տեղ կարծես պատ է փլվում. ծալվող ոտքերով մոտենում է կյանքում առաջին բառն արտասանած մանչուկին, ամուր-ամուր գրկելով համբուրում և արցունքների միջից նայելով ծագող արևին՝ ժպտում:


2007.05.27 Vard