2010-12-18

Անցած ճանապարհ

Արթուրը, որ հինգ քայլ առաջ էր նրանից, կանգ առավ ու սրբեց ճակատի քրտինքը: Ռեդրիկը նայեց արևին: Արևը դեռ շատ չէր բարձրացել: Ու հանկարծ նա գիտակցեց, որ չոր խոտն այլևս առաջվա պես չի խշշում իրենց ոտքերի տակ, այլ ասես ճռճռում է, ոնց որ կարտոֆիլի ալյուր, ու էլ առաջվա պես փշոտ ու ծակծկուն չէ, այլ փափուկ ու երերուն, իսկույն փշրվում է ոտքերի տակ, ոնց որ մրի քուլա... Ու նա նորից տեսավ Արթուրի հստակ դրոշմված հետքերը և փռվեց գետնին, գոռալով՝ "Պառկիր":
Նա բերանքսիվայր ընկավ խոտի վրա, ու խոտը հենց նրա այտի տակ փոշիացավ: Կատաղությունից կրճտացրեց ատամները, որ ընկավ այս փորձանքի մեջ: Նա պառկել էր, աշխատելով չշարժվել, դեռևս հույս փայփայելով, որ միգուցե կպրծնեն, թեև հասկանում էր, որ իրենք կորած են: Տաքը սաստկանում էր, փլվում նրանց վրա, պարուրում ամբողջ մարմինը, և Ռեդրիկը ուշացումով գոռաց Արթուրին՝ "Չշարժվես: Դիմացիր": Ու ինքն էլ աշխատեց դիմանալ:

Ու նա կդիմանար, և ամեն ինչ լավ կվերջանար, միայն մի քիչ կքրտնեին, բայց Արթուրը չդիմացավ: Կամ նա չէր լսել Ռեդրիկի ասածը, կամ էլ շատ էր վախեցել, իսկ գուցեև նրան ավելի ուժեղ էր վառել, քան Ռեդրիկին, համենայն դեպս նա անզոր եղավ ղեկավարելու ինքն իրեն ու կուրորեն, արձակելով կոկորդային մի ոռնոց, կռացած նետվեց այն կողմը, որտեղ նրան քշում էր անիմաստ բնազդը, նետվեց դեպի հետ՝ հենց այն կողմը, որտեղ արդեն ոչ մի կերպ չէր կարելի վազել: Ռեդրիկը հազիվհազ հասցրեց բարձրանալ ընկած տեղից ու երկու ձեռքով բռնել նրա ոտքից, ու Արթուրն ամբողջ ուժով շրմփաց գետնին, մոխրի ամպեր բարձրացնելով, աղեկտուր ճչաց անբնական բարձր ձայնով, ազատ ոտքով աքացի տվեց Ռեդրիկի դեմքին, ցնցվեց ու թպրտաց, բայց Ռեդրիկը, արդեն ոչինչ չհասկանալով ցավից, սողալով բարձրացավ նրա վրա, այրված դեմքով սեղմվելով նրա բաճկոնին, աշխատելով նրան խրել, մտցնել հողի մեջ, երկու ձեռքերով բռնեց նրա երկարամազ, թպրտացող գլուխը, և կոշիկների քթերով ու ծնկներով կատաղորեն սկսեց խփել ոտքերին, հետևին, գետնին: Նա աղոտ լսում էր տակից եկող տնքոցներն ու փնչոցները, ու սեփական խռպոտ ոռնոցը. "Պառկի, դոդոշ, պառկի, կսպանեմ...": Իսկ վերևից նրա վրա էին լցվում ու լցվում շիկացած ածուխի կույտերը, ու արդեն բոցավառվում էր նրա հագուստը, ճարճատում, ուռչում և բշտիկ-բշտիկ պայթում էր ոտքերի ու կողերի մաշկը, և նա, ճակատը խրելով մոխրի մեջ ու կրծքով ջղաձգորեն պահելով այդ անիծյալ լակոտի գլուխը, չդիմացավ ու աղեկտուր գոռաց...

Նա չէր հիշում, թե երբ այդ ամենը վերջացավ: Հասկացավ միայն, որ նորից կարող է շնչել, որ օդը նորից դարձել է օդ, այլ ոչ թե կոկորդն այրող շիկացած գոլորշի, ու մտածեց, որ պետք է շտապել, որ պետք է հնարավորին չափ շուտ դուրս գալ այդ դժոխային հնոցի տակից, քանի դեռ նորից չի իջել իրենց վրա: Նա ցած սահեց Արթուրի վրայից, որը բոլորովին չէր շարժվում, նրա ոտքերը մտցրեց թևերի տակ, ու ազատ ձեռքի օգնությամբ սողաց առաջ, աչքը չկտրելով այն գծից, որի մյուս կողմում նորից խոտ էր, մեռած, չոր, փշոտ, բայց իսկական խոտ, որը հիմա նրան թվում էր կյանքի մեծագույն ապաստան: Մոխիրը խշրտում էր նրա ատամների տակ, վառված դեմքը պարուրվում էր ջերմության մնացորդներով, քրտինքը լցվում էր աչքերը, երևի այն պատճառով, որ նա այլևս ոչ հոնքեր ուներ, ոչ էլ թարթիչներ: Իր հետևից նա քաշում էր Արթուրին, որն ասես դիտավորյալ այս ու այնտեղ էր կառչում անիծյալ բաճկոնով, այրվում էին խաշված ձեռքերը, իսկ ուսապարկն անընդհատ խրվում էր վառված ծոծրակը: Ցավից ու հեղձուկից Ռեդրիկը սոսկումով մտածեց, որ ինքն ամբողջովին այրվել է և այլևս տեղ չի հասնի: Այդ սարսափից նա ավելի ուժեղ աշխատեց ազատ արմունկով ու ծնկներով, միայն թե մի քիչ էլ առաջ սողա, մի քիչ էլ: Ռեդ, շարժվիր, Շեկ, այ այսպես, այ այսպես, դեհ մի քիչ էլ:

... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ...

Ռեդրիկը նույնպես հետ նայեց: Մոխրածածկ գորշ խոտի վրա շատ հետքեր էին մնացել, և Ռեդրիկը ապշեց, թե որքան, պարզվում է, կարճ է եղել այն ահավոր ու անվերջանալի ճանապարհը, որն ինքն անցավ սողալով՝ փրկվելով կործանումից: Խանձված տարածությունը ծայրից ծայր կլիներ մոտ քսան-երեսուն մետր, ոչ ավելի, բայց նա սարսափահար ու կուրորեն սողացել էր սոսկալի զիգզագներ անելով, ինչպես ուտիճը շիկացած թավայի մեջ, և դեռ պետք է շնորհակալ լինել, որ ի վերջո սողացել է այնտեղ, որտեղ պետք է սողար...


"Խնջույք ճամփեզրին" էջ 383-386, Ստրուգացկի եղբայրներ - "Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ" ժողովածու 1988