2011-03-27

Նրանց փրկիչները

Նրանք երկչոտ կդառնան և վախվխելով կնայեն մեզ ու կսեղմվեն մեր շուրջ, ինչպես ճտերը թխսկան հավի շուրջ: Նրանք կսքանչանան մեզնով ու կզարհուրեն մեզնից և կհպարտանան, որ մենք այնքա՜ն հզոր ենք ու այնքա՜ն խելացի, որ կարողացել ենք սանձահարել այդպիսի անզուսպ հազարամիլիոն հոտը: Նրանք ուժակորույս դողդողալու են մեր ցասումից, վեհերոտ է դառնալու նրանց միտքը, հեշտորեն արցունք են թափելու երեխաների ու կանանց նման, բայց և նույնքան հեշտորեն, մեր արած մի նշանով, անցնելու են զվարճության ու ծիծաղի, պայծառ խնդության ու մանկական երանավետ երգերի: Այո, մենք նրանց կստիպենք աշխատել, բայց ազատ ժամերին նրանց կյանքը կդարձնենք մանկական խաղի նման՝ մանկական երգերով, խմբերգերով և անմեղ պարերով:
Օ՜, նրանց կթույլատրենք նաև մեղք գործել, տկար են նրանք և անզոր, և նրանք երեխաների նման կսիրեն մեզ այն պատճառով, որ թույլ ենք տալիս մեղք գործել: Մենք կասենք նրանց, որ որևէ մեղք թողություն է գտնելու, եթե գործվի մեր արտոնությամբ, և որ թույլ ենք տալիս մեղք գործել, որովհետև սիրում ենք նրանց, իսկ մեղքերի համար պատիժը հոժարակամ վերցնում ենք մեզ վրա:
Եվ կվերցնե՛նք պատիժը մեր վրա, իսկ նրանք մեզ կպաշտեն որպես բարերարների, որոնք նրանց մեղքերը հանձն են առել աստծո առաջ: Եվ նրանք ոչ մի գաղտնիք չեն ունենալու մեզնից: Մենք նրանց թույլ ենք տալու կամ արգելելու ենք ապրել իրենց կանանց ու սիրուհիների հետ, ունենալ կամ չունենալ երեխաներ՝ նայած թե հնազանդ են կամ ոչ, և նրանք մեզ ենթարկվելու են խնդությամբ ու բերկրանքով: Իրենց խղճի ամենատանջալից գաղտնիքները՝ ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ բերելու են մեզ, և մենք ամեն ինչ կլուծենք, և նրանք ուրախությամբ կհավատան մեր տված լուծմանը, որովհետև դա կփրկի նրանց՝ անձնապես և ազատորեն որոշում ընդունելու մեծ հոգսից ու սարսափելի տանջանքներից, որոնց ենթակա են այժմ:
Եվ բոլորը երջանիկ են լինելու, բոլոր այդ միլիոնավոր էակները, բացի նրանց ղեկավարող հարյուր հազարից: Վասնզի մենք ենք, որ խորհուրդն ենք պահում, լոկ մենք ենք լինելու ապերջանիկ: Միլիոնավոր ու միլիոնավոր երջանիկ մանուկներ են լինելու և հարյուր հազար տառապյալներ, որոնք հանձն են առել բարիքի ու չարիքի իմաստության անեծքը:

"Մեծ հավատաքննիչը" էջ 408-410 (գիրք հինգերորդ, գլուխ հինգ), Ֆ.Մ.Դոստոևսկի - "Կարամազով եղբայրներ" 1970