2022-04-06

Եկա, դիմացեք․․․ Հիմա․․․

Շուռ գալով դեպի աջ՝ Զարմանդը մի քանի վայրկյան ուշադիր նայեց եռացող ճակատամարտին ու ճչաց․
֊Վեր կացեք, շինականներ․․․ մելիք Նուբարի գունդը նեղվում է ֊ Եվ առանց սպասելու, որ հետևեն իրեն՝ ուրուրի դեմ գնացող թխսամոր պես սլացավ դեպի աջ կողմի բլուրները, որտեղ Ռեջեբ փաշայի հեծելազորը նեղում էր մելիք Նուբարին։
֊Պինդ կաց, Նուբար, եկանք,֊ գոռաց նա ոգևորող ձայնով։
Նիզակների անտառը ցցվեց թուրքերի հեծելազորի դեմը։ Շինականներն ինքնամոռաց նետվում էին թշնամու վրա, նիզակներով նրանց պոկում ձիերից, թափում ձիերի փորոտիքն ու իրենք էլ ընկնում ձիերի ոտքերի տակ․․․
  Դավիթ֊Բեկը նկատեց Զարմանդի աշխարհազորային գնդի արարքը, և թուքը չորացավ բերանում։ Նա աչքերը մի պահ փակեց՝ շինականների հնձվելը չտեսնելու համար, ապա ձայն տվեց Ղիջի հարյուրապետին․
֊Գունդդ տար աշխարհազորին օգնության։ Շտապիր։

Հայկական գրեթե ողջ զորքն արդեն նետված էր ճակատամարտի խառնարանը։ Դավիթ֊Բեկը պահել էր միայն Հալիձորի Երկրի ապավեն գունդը և սիրտ չէր անում նրան ևս նետել կռվի։
Թուրքերը զանգված առ զանգված ավելանում էին, իսկ հայերը՝ նվազում։ Բայց դիմանում էին։
Մարաղայի դաշտը ծածկվել էր իրար հոշոտող զորաբանակներով։
Հասել էր օրհասական ժամը։ Դավիթ֊Բեկը տեսնում էր, թե ինչպես են հալվում հայոց զորագնդերը։ Ձախ թևում Բալի զորապետի գունդը խժռելով՝ թուրքերը նեղում էին նրան դեպի գետը։ Ծանր էր նաև միջոցում ճակատող Բայանդուր իշխանի հեծելազորի վիճակը․ նրա այրուձին արիաբար մարտնչում էր թուրքաց հեծելազորի դեմ, բայց ուժերի կատարյալ գերակշռությունը թուրքերի կողմն էր։
Չէին նահանջում հայ մարտիկները․ ընկնում էին ճակատելով, ու ընկածին փոխարինում էր մեկ ուրիշը։ Արաքսի ձորը դղրդում էր թնդանոթների որոտից ու միմյանց խոցող մարտիկների աղաղակներից։ Իսկ արևը դեռ նոր էր հասել երկնքի կենտրոնը և շողացնում էր արյունով ներկված ավազը․․․
Բեկը հաճախ էր նայում թուրքերի թիկունքին․ այնտեղ դեռևս սև զանգվածներով նստած էին բազմաթիվ գնդեր՝ պատրաստ ամեն վայրկյան գալու իրենց վրա։ Ամենից շատ այդ գնդերն էին անհանգստացնում նրան։ Թշնամին պահեստի շատ ուժ ունի դեռևս։ Եթե այդ գնդերն էլ Աբդուլլահը նետի ճակատամարտի, այն ժամանակ ինքը կկատարի իր վերջին նպատակը․․․

Ձիու ականջը մտած եկավ մի սուրհանդակ։ Նա թևքով մաքրեց քունքից հոսող արյունն ու գոչեց․
֊Բալի զորապետի գունդը ձեռքից գնում է, տեր Դավիթ֊Բեկ, օգնիր։
֊Աստված օգնի․․․ ֊ ծանր ցավը խեղդելով ասաց Դավիթ֊Բեկը։ ֊Բալի զորապետին հրաման է՝ կյանքի գնով պահել դիրքերը։ Գնա։
Սուրհանդակը շուռ եկավ, և նրա ձին կորավ ծխի ու փոշու մեջ։
  Բեկը ձեռքը բարձրացրեց։ Մովսես աբեղան տնկվեց նրա առջև՝ վեհ, բայց գազազած, սրամերկ, պատրաստ կռվի մեջ նետվելու։
֊Ի՞նչ ես կամենում,֊ հարցրեց Բեկը։
֊Բալի զորապետը․․․
֊Ինչքա՞ն մարդ ունես։
֊Աշակերտներս ու 300 շինական։
֊Ինչու՞ եկար, ինչու՞ ես բերել աշակերտներիդ՝ խափան թողել դպրոցը։
֊Եկա՝ ժողովրդիս հետ աղետին դիմադիր լինելու։ Իրավունք տուր։
Բեկը ծամծմեց շրթունքները, ձեռքը թափ տվեց մերժողական։
֊Խնայու՞մ ես ինձ,֊ նեղացավ Մովսեսը։
֊Խնայում եմ այն լույսը, որ ունես քո մեջ,֊ պատասխանեց Բեկը։ ֊Եթե ոչ դու, ապա էլ ո՞վ կվառի Գրիգոր Տաթևացի եռամեծար ռաբունապետի ճրագը։ Աշակերտներիդ եմ խղճում։ Հասկացիր։
֊Տեր իմ,֊ դողաց Մովսեսը։ ֊Թույլ տուր․ հայրենի հողը թանկ է դպրության լույսից․․․
  Բայց Բեկը չլսեց նրան․ գունատ, ցավից կծկված դեմքը դարձրել էր դեպի ռազմաճակատ․ բանակի ձախ թևը, որտեղ մելիք Նուբարն էր ու Զարմանդի շինականները, դանդաղ սեղմվում էր գետին։ Կռվում էին, բայց ճնշումը շատ մեծ էր։ Ահա Աբդուլլահը մի գունդ ևս նետեց այդ կողմը։ Պահն է։ Հենց այդտեղ պետք է կասեցնել թշնամուն։ Շինականներին պետք է օգնել․ եթե նրանք ընկրկեն ու, աստված մի արասցե՝ փախչեն, հուսալքությունը կսկսվի և աղետը վրա կհասնի․․․
Բեկը տեսնում էր, թե ինչպես են տապալվում շինականները․ աղաղակում էին, մոլեգնում, խոցում թշնամուն՝ մեկին, երկուսին, ապա իրենք էին ընկնում։ Ոմանք հասցնում էին երեսները շուռ տալ դեպի իր կանգնած բլուրը՝ վերջին «մնաս բարովն» էին ասում իրեն․․․
Բեկի կոկորդը սեմվում էր․․․ Դիմացը դեռ կանգնած էր Մովսեսը։ Ի՞նչ է ուզում այս ուսումնական մարդը՝ միակ լուսավոր գլուխն իրենց մռայլ լեռնաշխարհում։
 ֊Գունդդ,֊ ակամա դուրս թռավ Բեկի բերանից։
֊Պատրաստ է հրամանիդ, տեր գահերեց,֊ վառվեց Մովսեսը։
֊Գնա աշխարհազորին զորավիգ։ Թռիր։
  ․․․Մովսեսը, այնքան սիրելի Մովսեսը գնաց։ Ետ կգա՞, նորից կմտնի՞ Հարանց Մեծ Անապատը՝ խափանված դպրոցը վերակենդանացնելու, թե՞․․․
Բեկը գլուխը շուռ տվեց, որ չտեսնի, թե ինչպես է Մովսեսը մխրճվում թուրքերի շարքերի մեջ, նետվում սրամարտի․ լավ գիտեր, որ տաքարյուն աբեղան չի խնայի իրեն։

Բալի զորապետին սեղմելով՝ թուրքերն առաջանում էին դեպի զորքի թիկունքը․․․ Աղետը մոտենում էր։
Ճակատամարտի վախճանն արագացնելու համար թուրքերը մարտի նետեցին վերջին պահեստային գնդերը։ Բեկը գոհ քմծիծաղեց։
Հետո հիշեց Մխիթար սպարապետին՝ լքեց, հեռացավ, չի հաշտվում անգամ օրհասական պահին․․․

Բեկը բարձրացրեց ձեռքը․ այս անգամ նրա դիմացը տնկվեց շիվանիձորցի Սարգիս հարյուրապետը։
֊Հալիձորցիների գունդը տար մեղրեցիներին օգնության։ Շտապիր։
֊Տեր իմ,֊ կմկմաց Սարգիսը։
֊Ի՞նչ է,֊ Բեկի աչքերը փայլատակեցին։
֊Որ Հալիձորի գունդն էլ նետենք․․․ դու կմնաս անզորք։
֊Մոտեցել է հաղթության ժամը։ Փաշան իր ողջ զորքը նետել է մարտի․ կկոտորենք մինչև մութը վրա գա։ Շտապիր։
Սարգիսը թռավ ձիու թամբին, բայց Բեկը պահեց նրան․ լուսավոր միտք էր ծագել, որից մի թեթև պայծառացավ մթագնած դեմքը։
֊Հինգ հարյուրակ թող ինձ, մնացածը տար,֊ նա ձեռքով արեց, որ Սարգիսը հեռանա։
  Գնաց պահեստի վերջին գունդը․․․ Հետո՞։ Հետո ի՞նչ։ Թուրքերին հաղթանակ չի տա։ Երբեք։ Կդիմանան մինչև մութն ընկնելը, հետո կքաշվեն դեպի Մեղրի՝ նորից կռվելու պատրաստ․․․
Բեկը հայացով չափեց ճակատամարտի դաշտը։ Բալի զորապետին նեղող թուրքական գնդերը ետ էին մղվել Հալիձորի հեծելազորի շեշտակի հարվածից․ կռիվն ավելի էր բորբոքվել։ Նայեց աշխարհազորային գնդերի կողմը․ Մովսեսը չէր երևում, բայց նրա մարդիկ Զարմանդի ու Ավշար երեց Տեր֊Գասպարի հետ փակել էին թշնամու ճանապարհը։

Բեկը զգում էր, որ խիղճը հանգիստ է․ մի՞թե այդպես համոզված էր հաջողությանը․․․ Բայց մյուս զորապետերը համոզված էին, որ աղետը մոտենում էր կատարմանը, որ պարտվում են անդարձ՝ հակական գնդերն ուր որ է իսպառ կոչնչանան։
֊Տեր իմ,֊ Բեկը լսեց Սողոմոնի ձայնը։ ֊Տեղդ փոխիր, տեր իմ։ Թշնամին քեզ վրա է գալիս։
Բեկը ցնցվեց, բայց լռեց։ Սողոմոնը գլուխը բռնեց ու ընկավ նրա ոտքերը։
֊Այստեղ վտանգ է սպառնում քեզ, տեր իմ․․․ ֊աղաղակեց նա,֊ իսկ դու դեռ հարկավոր ես հայոց թշվառ ժողովրդին։
Բեկը չէր լսում՝ տարվել էր ճակատամարտով․ թշնամին հաղթում էր․․․
  Թուրքերի վերջին սևազգեստ գունդը հարձակման նետվեց հայոց բանակի աջ թևի վրա․․․ Բեկը դառնորեն քմծիծաղեց․ Աբդուլլահը կռվի նետեց անգամ իր թիկնապահ գունդը։ Հիմա երկու կողմից էլ կռվում են բոլորը․ հայերը՝ քիչ, թուրքերը՝ շատ ֊ 80 հազարը՝ 22 հազարի դեմ․․․ Վատ չէր։

Վերջացավ․ կամ այս, կամ․․․ Էլ ի՞նչ կամ․ ժամն է, որ թուրքերին ցույց տա հայոց կամքն ու ուժը։
Բեկը վազեց դեպի նժույգը։ Սողոմոնը չհասցրեց բռնել ասպանդակը՝ Բեկը թռավ թամբին․ ձին կանգնեց ետևի ոտքերի վրա ու մղվեց առաջ․․․
֊Իմ ետևից, քաջեր՝ ժամն է,֊ կանչեց Բեկն ու թռավ դեպի միջոցը, ուր արնաքամ էր լինում Բայանդուրի գունդը։ Նրա ետևից թռան Հալիձորի Երկրի ապավեն գնդի վերջին հինգ հարյուր մարտիկները։
  Բլրի վրա մնացին միայն Հովակիմ եպիսկոպոսն ու 5-6 վանական, ովքեր գետնատարած աղերսում էին վերին խնամակալին՝ փրկության ձեռք մեկնելու հայոց բանակին։ Բայց օգնություն չկար։ Եպիսկոպոսի մոտ չոքած ատենադպիր Մաղաքիան ծվատեց պատանքի շապիկը, մոտիկ ընկած՝ մեռնող զինվորի ձեռքից պոկեց սուրն ու վազեց դեպի մարտնչող յուրայինները։ Պատանավոր վանական եղբայրները հետևեցին նրան։

  Երբ Բեկը հասավ միջոցում նեղվող հայ մարտիկներին, տեսնելով նրան՝ զինվորները գոռացին․
֊Ապրի Դավիթ֊Բեկը․․․
Եվ կատաղած, նոր ուժով կրակված նետվեցին մարտի․․․
Ճակատամարտը սաստկացավ․ Դավիթ֊Բեկին մարտի մեջ տեսնելով՝ հայոց գնդերի մնացորդները սրտապնդվեցին, նոր թափով դեմ կանգնեցին ճնշող ահռելի ուժին։
Բեկի շեշտակի հատվածից թուրքական գունդը ետ֊ետ գնաց, բայց կարողացավ վերականգնել խախտված մարտակարգը։
Բեկը դիմացի թուրքական բանակի սև զանգվածից բացի ոչինչ չէր տեսնում․ խփում էր դիպուկ, կտրուկ, անխնա՝ կայծակում էր նրա սուրը։ Իր վրա ևս թրեր էին շաչում, բայց հալիձորցի քաջերը ետ էին մղում թուրքերի հարվածները կամ ընդունում իրենց վրա․․․
  Բեկն իր կողքին զգում էր Սողոմոնի մոտիկությունը։ Սողոմոնը գոռում էր զարմանալի հստակ ձայնով, ընկնում Բեկի առաջն ու հարվածում, հայհոյում։ Ե՞րբ է հայհոյանք սովորել։ Այն կողմում ատենադպիր Մաղաքիան է՝ գլխաբաց ու առանց զրահի, մի չալ ձիու վրա։
Հանկարծ մի ձիավոր կտրեց Բեկի առաջը․
֊Ետ դարձիր, Բեկ,֊ սպառնալից գոչեց նա,֊ թիկունքից հետևիր մարտին։
Մովսես աբեղան էր՝ պահանջկոտ, սպառնալի։
֊Կորա՞ն,֊ հևասպառ հարցրեց Բեկը։
֊Կռվում են,֊ պատասխանեց Մովսեսը,֊ անունդ տալով ընկնում են։ Ետ դարձիր, աստծո սիրուն․․․ Քո կորուստը կորուստ է անդարձ․․․
Բեկը ձին թռցրեց առաջ՝ դեպի ուղտի մեծության ձիու վրա հոխորտացող փաշան, սակայն Հալիձորի կտրիճները նորից ընկան նրա առջևն ու թողին մի փոքր ետ։ Թուրքերն ընկրկեցին, հասան փոքր ձորակին ու զորանալով՝ նորից գրոհեցին հայոց փոքրաթիվ հեծելազորի վրա։ Նորից սրեր բախվեցին, սաղավարտներ գլորվեցին, զրահներ պատառոտվեցին․․․

Բեկը ժամանակ գտավ ու նայեց ձախ․ աշխարհազորային գնդերը դեռևս դիմանում էին։ Դիմանում էին, բայց երկա՞ր կտևի․ վերջին ճիգերն են․․․ Աջ թևում արնաքամ էր լինում Բալին, նոսրանում էին Կոնստանդինի ու Ադամի գնդերը։ Եվս կես ժամ, և ամեն ինչ կվերջանա։ Թեև բոլորը քաջությամբ էին դիմադրում, սակայն Բեկը հասկացավ, որ օրհաս է, ու ճակատամարտը տանուլ է տվել։
  Ձիու վրա նրա մոտ ընկավ Սարգիս հարյուրապետը՝ մի ականջը կտրված էր, արյունը լցվում էր ծոցը։ Եկել էր Բեկին փրկելու։
֊Նահանջի հրաման տուր,֊ հուսահատ գոռաց նա։ ֊Կործանվում ենք։ Վայ մեզ, վայ մեր աշխարհին։
Բեկը չէր շնչում․ նահանջել՝ նշանակում է կորստյան մատնել վերջին զինվորներին ևս։

֊Նայիր դենը,֊ անհույս բղավեց արնաթաթախ Սարգիսը և թուրը մեկնեց դեպի Ցղնայի լեռները։ Լեռների արանքից դեպի ռազմադաշտ էր սլանում մի խոշոր բանակ։ Երևում էին կատաղած ձիերը, թրերի անտառը, որ գլխներից վեր պահած շողում էր թեքվող արևից։
Դավիթ֊Բեկի աչքերը լայնացան․․․
֊Թուրքական նոր հեծելագունդ է,֊ հուսահատ ավելացրեց Սողոմոնը։ ֊Իսկ մենք կարծում էինք, թե Աբդուլլահն իր ողջ զորքն է նետել կռվի։ Նահանջի հրաման տուր, Բեկ, քաշվենք լեռները, թե չէ կջարդվենք գլխովի։
Նրան ու Սարգիս հարյուրապետին թվաց, թե Բեկը խելագարվել է։ Ապա թե ոչ, ինչու՞ է ժպտում։ Ի՞նչ դիվական ժպիտ է դեմքին։
֊Զորացեք,֊ սրտապնդիչ ձայնով հանկարծ կոչեց Բեկը։ ֊Փառք, փառք․․․
Անթարթ նայում էր Ցղնայի լեռներից արշավող գնդերին։ Առջևից սլանում էր մի սպիտակ նժույգ։ Հեծվորը չէր երևում, միայն սուրն էր փայլատակում նժույգի ականջների արանքում։ Նրա ետևից սլանում էր այրուձին։ Վազքից խելագարվել էին ձիերը։ Ահա, նրանցից երկուսն ընկան։ Պարզված դրոշների մետաքսը պատառոտվեց։
֊Ամեն ինչ կորցրինք․․․֊ այդ նոր բանակը տեսնելով՝ գլուխն էր ծեծում Սարգիսը։ Սողոմոնը հեկեկում էր։

Հայոց բանակի մեջ ուրախ էր միայն մի մարդ՝ Դավիթ֊Բեկը։ Ինչպե՞ս չճանաչի հեծելազորն առաջնորդող սպիտակ ձիավորին։ Քանի անգամ է այդ ձիավորն իր նժույգի ականջը մտած փութանակի սուրացել թշնամիների վրա։ Ինչպե՞ս չճանաչի հարազատին, եղբորը․․․ Բեկը կանգնեց ձիու ասպանդակներին ու որքան ձայն ուներ՝ կանչեց․
֊Մխիթար սպարապետը եկավ․․․
Նրա ձայնը թռավ ուժասպառ բանակի վրայով, հազարապատկվեց բերնե֊բերան։ Ամեն կողմից գոչում էին․
֊Մխիթար սպարապետը եկավ․․․
֊Զարկ, զարկ թուրքին, զարկ թափով․․․
֊Թափով, հայեր, թափով․․․֊ խրախուսում էին նոր ոգի առած հրամանատարները։
Մովսես աբեղան ձին թռցրեց Բեկի մոտ․
֊Սպարապետը, Բեկ, սպարապետը․․․
Բեկը հազիվ զսպեց արցունքները։

***
Ցղնայի ձորից դուրս գալով՝ օգնության շտապող հայկական նոր զորագնդերը բացազատվեցին ու լայն ճակատով նետվեցին թուրքական զորքի թևի վրա։
Առջևում ձախ կողմից Տեր֊Ավետիսն էր՝ ձիու վրա երկարված, հարվածի նետվող նիզակի պես։ Այրվում էր վայրկյան առաջ կռվի նետվելու մոլուցքից։ Նմանապես իրենց գնդերի առաջն ընկած մրրկում էին մելիք Բարխուդարը, Շաֆռազը, Եգանը։ Սրամերկ կնոջ կողքից սլանում էր Թովման, փոթորկվում էր Եսային ու աջքը թուրքական սև զանգվածին՝ գնում էր առաջ։
  Իսկ մեջտեղում սուրը պարզած՝ սլանում էր Մխիթար սպարապետն ու ատամներն արյունոտելով մռնչում․
֊Եկա, դիմացեք․․․ Հիմա․․․

Մարաղայի ճակատամարտը էջ 446-453 խմբագրումներով, Սերո Խանզադյան - "Մխիթար Սպարապետ" 1963