2011-03-27

Նրանց փրկիչները

Նրանք երկչոտ կդառնան և վախվխելով կնայեն մեզ ու կսեղմվեն մեր շուրջ, ինչպես ճտերը թխսկան հավի շուրջ: Նրանք կսքանչանան մեզնով ու կզարհուրեն մեզնից և կհպարտանան, որ մենք այնքա՜ն հզոր ենք ու այնքա՜ն խելացի, որ կարողացել ենք սանձահարել այդպիսի անզուսպ հազարամիլիոն հոտը: Նրանք ուժակորույս դողդողալու են մեր ցասումից, վեհերոտ է դառնալու նրանց միտքը, հեշտորեն արցունք են թափելու երեխաների ու կանանց նման, բայց և նույնքան հեշտորեն, մեր արած մի նշանով, անցնելու են զվարճության ու ծիծաղի, պայծառ խնդության ու մանկական երանավետ երգերի: Այո, մենք նրանց կստիպենք աշխատել, բայց ազատ ժամերին նրանց կյանքը կդարձնենք մանկական խաղի նման՝ մանկական երգերով, խմբերգերով և անմեղ պարերով:
Օ՜, նրանց կթույլատրենք նաև մեղք գործել, տկար են նրանք և անզոր, և նրանք երեխաների նման կսիրեն մեզ այն պատճառով, որ թույլ ենք տալիս մեղք գործել: Մենք կասենք նրանց, որ որևէ մեղք թողություն է գտնելու, եթե գործվի մեր արտոնությամբ, և որ թույլ ենք տալիս մեղք գործել, որովհետև սիրում ենք նրանց, իսկ մեղքերի համար պատիժը հոժարակամ վերցնում ենք մեզ վրա:
Եվ կվերցնե՛նք պատիժը մեր վրա, իսկ նրանք մեզ կպաշտեն որպես բարերարների, որոնք նրանց մեղքերը հանձն են առել աստծո առաջ: Եվ նրանք ոչ մի գաղտնիք չեն ունենալու մեզնից: Մենք նրանց թույլ ենք տալու կամ արգելելու ենք ապրել իրենց կանանց ու սիրուհիների հետ, ունենալ կամ չունենալ երեխաներ՝ նայած թե հնազանդ են կամ ոչ, և նրանք մեզ ենթարկվելու են խնդությամբ ու բերկրանքով: Իրենց խղճի ամենատանջալից գաղտնիքները՝ ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ բերելու են մեզ, և մենք ամեն ինչ կլուծենք, և նրանք ուրախությամբ կհավատան մեր տված լուծմանը, որովհետև դա կփրկի նրանց՝ անձնապես և ազատորեն որոշում ընդունելու մեծ հոգսից ու սարսափելի տանջանքներից, որոնց ենթակա են այժմ:
Եվ բոլորը երջանիկ են լինելու, բոլոր այդ միլիոնավոր էակները, բացի նրանց ղեկավարող հարյուր հազարից: Վասնզի մենք ենք, որ խորհուրդն ենք պահում, լոկ մենք ենք լինելու ապերջանիկ: Միլիոնավոր ու միլիոնավոր երջանիկ մանուկներ են լինելու և հարյուր հազար տառապյալներ, որոնք հանձն են առել բարիքի ու չարիքի իմաստության անեծքը:

"Մեծ հավատաքննիչը" էջ 408-410 (գիրք հինգերորդ, գլուխ հինգ), Ֆ.Մ.Դոստոևսկի - "Կարամազով եղբայրներ" 1970

2011-01-27

Մեռյալները

Գրետան խոր քնած էր:
Արմունկին կռթնած, Գաբրիելը անվրդով նայում էր նրա խճճված մազերին, կիսաբաց բերանին և ականջ էր դնում կնոջ խոր շնչառությանը: Ուրեմն, կնոջ կյանքում եղել է այդ ռոմանտիկ հիշողությունը՝ մի երիտասարդ մահացել է հանուն նրա: Այժմ Գաբրիելն արդեն առանց որևէ ցավի մտածում էր, թե ինչպիսի խղճուկ դեր է խաղացել կնոջ կյանքում ինքը՝ նրա ամուսինը: Նա նայում էր քնած կնոջը մի այնպիսի զգացումով, ասես նրանք երբեք ամուսիններ չեն եղել: Գաբրիելը երկար ժամանակ հետաքրքրությամբ զննում էր նրա դեմքը, մազերը և փորձում պատկերացնել նրա ջահել տարիների գեղեցկությունը: Տարօրինակ ու մտերմիկ մի խղճմտանք համակեց նրա հոգուն: Գաբրիելը անգամ իր խղճի առաջ չէր ցանկանում խոստովանել, որ կնոջ դեմքը կորցրել է իր գեղեցկությունը, բայց նա գիտակցում էր, որ այդ դեմքը այլևս այն չէր, որի համար Մայքլ Ֆյուրեյը չվախեցավ մեռնել:
Հավանաբար, Գրետան նրան ողջ ճշմարտությունը չպատմեց: Գաբրիելը նայեց աթոռին, որի վրա ընկած էին կնոջ հագուստները: Ներքնազգեստի երիզը կախվել էր աթոռից: Կոշիկներից մեկը չէր շրջվել, միայն կակուղ վերնամասն էր ծալվել, իսկ մյուսն ընկած էր կողքի վրա: Գաբրիելը զարմանքով հիշեց, թե զգացմունքների ինչպիսի փոթորիկ էր մի ժամ առաջ իր հոգում: Ի՞նչն էր պատճառը, գուցե մորաքույրերի ընթրիքը կամ իր սեփական անհեթեթ ճառը, գինին ու պարերը, կատակներն ու սրախոսությունները, երբ նրանք հրաժեշտ տվեցին դահլիճում, և հետո երկար զբոսնեցին ձյունոտ գետափով: Խեղճ մորաքույր Ջուլիա: Նա ինքն էլ շուտով ստվեր կդառնա, ինչպես Պատրիկ Մորքանը և նրա ձին: Երբ նա երգում էր «Հարսանյաց հագուստով» երգը, Գաբրիելը նկատեց նրա դեմքի հոգնատանջ արտահայտությունը: Գուցե շուտով սևազգեստ Գաբրիելը կնստի հենց այդ նույն հյուրասենյակում, մետաքսե գլխարկը՝ ծնկներին: Լուսամուտները ծածկված կլինեն վարագույրներով, և մորաքույր Քեյթը, նստելով նրա կողքին, լաց կլինի, կմաքրի քիթն ու կպատմի, թե ինչպես մահացավ Ջուլիան: Գաբրիելը մխիթարանքի բառեր կփնտրի և կգտնի միայն ոչինչ չասող ու անօգուտ ֆրազներ: Այո, այո, շատ շուտով մահը վրա կհասնի:
Սենյակը ցուրտ էր և Գաբրիելի ուսերը սառեցին: Նա զգուշորեն պառկեց կնոջ կողքին, իր վրա քաշելով սավանը: Նրանք հետզհետե դառնում էին ստվերներ: Ավելի ճիշտ կլինի քաջաբար ոտք դնել մի այլ աշխարհ և մեռնել որևէ կրքի մոլուցքից, քան տարեցտարի թառամել ու ողորմելիորեն խամրել: Գաբրիելը մտածում էր, որ կողքին պառկած կինը երկար տարիներ իր սրտում փայփայել է սիրած տղայի աչքերի պատկերը, այնպես, ինչպես նրանք կային այն պահին, երբ տղան ասաց, որ այլևս չի ցանկանում ապրել:
Մեծահոգության արցունքներ հայտնվեցին Գաբրիելի աչքերում: Դեռ երբեք նա այդպիսի զգացում չէր ապրել, և ոչ մի կին դեռևս այդպիսի զգացմունք չէր արթնացրել նրա հոգում, բայց նա գիտեր, որ այդ զգացումը կոչվում էր սեր: Արցունքներից նրա աչքերը մթնեցին, և նրան թվաց, թե կիսախավարում տեսնում է երիտասարդի ստվերը այն ծառի տակ, որից դեռ կաթում էին անձրևի կաթիլները: Նրա շուրջը ելնում էին այլ ստվերներ: Գաբրիելի հոգին մոտենում էր մի աշխարհի, որտեղ բնակվում էր հանգուցյալների բազմությունը: Եվ թեև Գաբրիելը անկարող էր նրանց ըմբռնել, բայց և այնպես, նա զգում էր նրանց խաբուսիկ ու երերուն գոյությունը: Նրա սեփական ինքնությունը անէանում էր նրանց գորշ, անշոշափելի աշխարհում: Նյութական աշխարհը, որ այդ մեռյալները ինչ-որ ժամանակ ստեղծել էին և ապրել այնտեղ, հիմա հալչում էր և իմաստազրկվում:
Ապակու վրա ընկնող ձյան փաթիլների մեղմ հարվածները, նրան ստիպեցին նայել պատուհանին: Նորից ձյուն էր գալիս: Նա քնկոտ հայացքով հետևեց փայլուն և գորշ փաթիլներին, որոնք շեղ ցած էին իջնում լամպի լույսի տակ: Ժամանակն է արդեն ճանապարհորդել դեպի մայրամուտ: Այո, թերթերը ճիշտ էին գրում. ձյուն էր գալիս ողջ Իռլանդիայով մեկ: Ձյունը իջնում էր ամենուրեք՝ կենտրոնական հարթության վրա, ծառազուրկ բլուրներին: Ձյունը փափուկ պառկում էր Ալեյան ճահիճների վրա և արևմուտքից այն կողմ մեղմ տարածվում Շանոնի մութ, ըմբոստացող ալիքների վրա: Ձյունը իջնում էր նաև բլրի միայնակ գերեզմանոցին, որտեղ թաղված էր Մայքլ Ֆյուրեյը: Ձյունը հաստ շերտով նստում էր ծռված խաչերի, տապանաքարերի, փոքրիկ դարպասների ճաղերի վրա և մերկ փշաթփերին: Գաբրիելի հոգին դանդաղ անէանում էր ձյան շրշյունի ներքո, և ձյունը թեթև իջնում էր ողջ աշխարհի վրա որպես օրհասական ժամի հայտնություն, իջնում էր թեթև՝ բոլոր ապրողների ու մեռյալների վրա:


"Մեռյալները" էջ 153-155, Ջեյմս Ջոյս - "Դուբլինցիներ" պատմվածաշար 1978