2010-12-18

Խորհուրդներ աստծուն

-Բայց, այնուամենայնիվ, պատկերացրեք, որ դուք աստված եք...
Բուդախը ծիծաղեց:
-Եթե ես կարողանայի ինձ աստված պատկերացնել, ապա կլինեի աստված:
-Դե իսկ եթե դուք հնարավորություն ունենայիք աստծուն խորհուրդ տալու...
-Դուք հարուստ երևակայություն ունեք,- գոհունակությամբ ասաց Բուդախը: -Դա լավ է: Դուք գրագե՞տ եք: Սքանչելի~ է: Ես հաճույքով կպարապեի ձեզ հետ:
-Դուք ինձ ուրախացնում եք... Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ խորհուրդ կտայիք ամենազորին: Ձեր կարծիքով, ամենազորն ի՞նչ պիտի անի, որ դուք ասեք. այ հիմա աշխարհը բարի է ու լավ...
Բուդախը, խրախուսիչ ժպտալով, հետ ընկավ բազկաթոռի թիկնակին ու ձեռքերը դրեց փորին: Կիրան կլանված նրան էր նայում:
-Դեհ,- ասաց նա,- խնդրեմ: Ես ամենազորին կասեի. "Արարիչ, ես չգիտեմ քո ծրագրերը, միգուցե դու չես էլ մտածում մարդկանց բարի ու երջանիկ դարձնել: Ցանկացիր դա: Դա այնքան հեշտ բան է: Մարդկանց տուր անհաշիվ հաց, միս ու գինի, տուր ապաստան ու հագուստ: Թող վերանան կարիքն ու սովը, ու նաև այն ամենը, ինչ թշնամացնում է մարդկանց":
-Եվ միայն այդքա՞նը,- հարցրեց Ռումատան:
-Ձեզ սա քի՞չ է թվում:
Ռումատան տարուբերեց գլուխը:
-Աստված ձեզ կպատասխաներ. "Դա օգուտ չի տա մարդկանց: Քանզի աշխարհի ուժեղները թույլերից կխլեն այն, ինչ ես տվեցի նրանց, ու թույլերը առաջվա պես աղքատ կմնան":
-Ես կխնդրեի պաշտպանել թույլերին: "Խելքի բեր դաժան տիրակալներին",- կասեի ես:
-Դաժանությունը ուժ է: Կորցնելով իրենց դաժանությունը՝ տիրակալները կորցնում են նաև ուժը, և ուրիշ դաժաններ են փոխարինում նրանց:
Բուդախը դադարեց ժպտալ:
-Պատժիր դաժաններին,- կտրուկ ասաց նա,- որպեսզի ուժեղները չցանկանան դաժան լինել թույլերի նկատմամբ:
-Մարդը ծնվում է թույլ: Նա դառնում է ուժեղ, երբ նրա շրջապատում իրենից ուժեղը չկա: Երբ կպատժվեն դաժան ուժեղները, նրանց տեղը կգրավեն թույլերի մեջ եղած ուժեղները: Նույնպես դաժանները: Արդ հարկ կլինի պատժել բոլորին, իսկ ես դա չեմ ուզում:
-Դու ավելի լավ գիտես, ամենազոր: Ուրեմն այնպես արա, որ մարդիկ ամեն ինչ ստանան ու իրար ձեռքից չխլեն քո տվածները:
-Դա էլ օգուտ չի տա մարդկանց,- հառաչելով ասաց Ռումատան,- քանզի երբ նրանք ամեն ինչ ձրի ստանան, առանց աշխատանքի, իմ ձեռքերից, ապա կմոռանան աշխատելը, կկորցնեն կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, կդառնան իմ ընտանի կենդանիները, որոնց ես ստիպված կլինեմ ընդմիշտ կերակրել ու հագցնել:
-Նրանց միանգամից մի տուր ամեն ինչ,- բորբոքված ասաց Բուդախը: -Քիչ-քիչ տուր: Աստիճանաբար:
-Աստիճանաբար մարդիկ իրենք էլ կվերցնեն այն ամենը, ինչ հասնում է իրենց:
Բուդախն ակամա ծիծաղեց:
-Այո, տեսնում եմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէ,- ասաց նա: -Ես նախկինում բնավ չեմ մտածել այսպիսի բաների մասին... Կարծեմ, մենք ամեն ինչ տնտղեցինք ու քննարկեցինք: Ի դեպ,- նա առաջ ընկավ,- կա ևս մեկ հնարավորություն: Այնպես արեք, որ մարդիկ ամենից շատ սիրեն աշխատանքն ու գիտելիքը, որ աշխատանքն ու գիտելիքը դառնան նրանց կյանքի միակ իմաստն ու խորհուրդը:
Այո, մենք դա էլ էինք որոշել փորձել, մտածեց Ռումատան: Զանգվածային հիպնոինդուկցիա, պոզիտիվ վերաբարոյականացում: Հիպնոճառագայթիչներ հասարակածային երեք արբանյակների վրա...
-Ես դա էլ կարող էի անել,- ասաց նա: -Բայց արժե՞ արդյոք մարդկությանը զրկել իր պատմությունից: Արժե՞ արդյոք մի մարդկությունը փոխարինել մի ուրիշ մարդկությամբ: Արդյո՞ք դա նույն բանը չի լինի, եթե մարդկությունը ջնջենք աշխարհի երեսից և նրա տեղը նոր մարդկություն ստեղծենք:
Կնճռոտելով ճակատը՝ Բուդախը լուռ խորհում էր: Ռումատան սպասում էր: Պատուհանի տակ նորից վշտաբեկ ճռճռացին սայլերը: Բուդախը կամացուկ ասաց.
-Այդժամ, տեր աստված, ջնջիր մեզ աշխարհի երեսից և ստեղծիր նորը, ավելի կատարյալը... կամ, ավելի լավ կլինի, թող մեզ ու թույլ տուր գնալ մեր ճանապարհով:
-Սիրտս լի է գութով,- դանդաղ ասաց Ռումատան: -Ես դա չեմ կարող անել:
Ու այդժամ նա տեսավ Կիրայի աչքերը: Կիրան նրան էր նայում սարսափով և հույսով:


"Դժվար է աստված լինել" էջ 194-197, Ստրուգացկի եղբայրներ - "Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ" ժողովածու 1988