2010-12-18

Ու թող ոչ ոք նեղացած չգնա

Եվ միայն այդ ժամանակ Ռեդրիկը բարձրացրեց աչքերը ու նայեց գնդին: Զգուշորեն: Վախենալով: Մի գողունի վախով, որ այդ գունդը հանկարծ չի լինի այնպիսի՝ կհիասթափեցնի, կասկած կհարուցի, ցած կնետի երկնքից, որտեղ իրեն հաջողվեց մագլցել՝ կուլ տալով ժանտահոտ խյուսը...
Գունդը ոսկե չէր, այն ավելի շուտ պղնձե էր, կարմրավուն, բացարձակապես հարթ, և աղոտ փայլատակում էր արևի տակ: Այն ընկած էր քարհանքի հեռավոր պատի տակ, հարմար տեղավորված էր վաղուց թափված ապարի կույտի մեջ ու նույնիսկ այստեղից էլ էր երևում, թե որքան հոծ է ու ինչպես է իր ծանրությամբ ճզմել ընկած տեղը:
Նրա մեջ ոչ մի հիասթափեցնող կամ կասկած հարուցող բան չկար, բայց չկար նաև հուսադրող բան: Չգիտես ինչու, միանգամից այն միտքն էր ծագում, որ սնամեջ է, ու եթե ձեռքով շոշափես, շատ տաք պիտի լինի՝ արևն է շիկացրել: Նա հաստատ չէր լուսարձակում ու հաստատ ընդունակ չէր օդ թռչելու և պարելու, ինչ նրան վերագրում էին բազմաթիվ առասպելները: Նա գտնվում էր այնտեղ, ուր ընկել էր: Միգուցե ընկել էր մի ինչ-որ վիթխարի գրպանից, կամ էլ գլորվել ու կորել էր ինչ-որ աժդահաների խաղի ժամանակ: Գունդը չի դրվել այստեղ, այն ընկել մնացել էր, ինչպես որ այստեղ ընկել մնացել էին բոլոր "փուչիկներն" ու "ապարանջանները", "մարտկոցներն" ու Այցելությունից հետո մնացած ամեն տեսակ աղբը...
Բայց և այնպես նրա մեջ ինչ-որ մի բան կար, և որքան շատ էր Ռեդրիկը նայում, այնքան հստակորեն էր հասկանում, որ գնդի վրա նայելը հաճելի է, որ ուզում ես մոտենալ նրան, ձեռքերով շոյել, ու չգիտես որտեղից հառնեց այն միտքը, թե լավ կլինի, եթե նստես նրա կողքը, իսկ էլ ավելի լավ կլինի, եթե մեջքով հենվես նրան, գլուխդ հետ գցես ու, աչքերդ փակելով, մտածես, հիշես, իսկ գուցեև պարզապես քնես, հանգստանաս...

Արթուրը վեր կացավ, արձակեց իր բաճկոնի բոլոր կոճակները, պոկեց-հանեց հագից այդ բաճկոնը ու շպրտեց ոտքերի տակ, բարձրացնելով սպիտակ փոշու սյուն: Նա ինչ-որ բան էր գոռում, ծամածռելով դեմքն ու թափահարելով ձեռքերը, իսկ հետո ձեռքերը դրեց մեջքին ու, պարելով, ճարպկորեն վեր նետելով ոտքերը, սկսեց թռչկոտելով իջնել թեքությամբ: Նա արդեն չէր նայում Ռեդրիկին, նա մոռացել էր ամեն ինչ, նա գնում էր կատարելու իր բոլոր ցանկությունները, քոլեջի աշակերտի իր փոքրիկ, բաղձալի ցանկությունները, այդ տղան, որ կյանքում ոչ մի փող չէր տեսել, բացի այսպես կոչված գրպանի փողերից, այդ կաթնակերը, որին տանը անխնա ծեծում էին, եթե վրայից թեկուզ մի քիչ օղու հոտ էին առնում, որին ուզում էին անպայման նշանավոր իրավաբան դարձնել, իսկ հեռանկարում՝ մինիստր, իսկ էլ ավելի հեռավոր ապագայում ինքներդ եք հասկանում՝ պրեզիդենտ: Կուրացնող լույսից կկոցելով բորբոքված աչքերը, Ռեդրիկը լուռ նայում էր նրա հետևից: Նա սառն էր ու հանգիստ, նա գիտեր հիմա ինչ է կատարվելու, ու գիտեր, որ ինքը չի նայելու դրան, բայց առայժմ դեռ կարելի էր նայել, ու նա նայում էր, առանձնապես ոչ մի բան չզգալով, միայն թե ներսում, շատ-շատ խորքում, հանկարծ մի անդադրում որդ շարժվեց ու պտտեցրեց փշոտ գլուխը:
Իսկ տղան անընդհատ իջնում էր՝ պարելով ու թռչկոտելով զառիկող ճանապարհին, և սպիտակ փոշին վեր էր բարձրանում "չեչոտկա" դոփող նրա ոտքերի տակից, ու նա ամբողջ ձայնով ինչ-որ բան էր գոռում, զրնգուն և շատ ուրախ ձայնով, և շատ հանդիսավոր, ինչպես երգ կամ անեծք, ու Ռեդրիկը մտածեց, որ հանքի գոյության ողջ ընթացքում առաջին անգամ են այս ճանապարհով իջնում այսպես, ասես տոնախմբության են գնում: Ու սկզբում չէր լսում, թե ինչ է գոռում այդ խոսող գործիքը, իսկ հետո կարծես նրա մեջ ինչ-որ բան միացավ, ու նա լսեց.
-Երջանկություն բոլորի համար... Ձրի... Ինչքան կուզեք երջանկություն... Բոլորդ հավաքվեցեք այստեղ... Կհասնի բոլորին... Ոչ ոք նեղացած չի գնա... Ձրի... Երջանկություն... Ձրի...

Իսկ հետո հանկարծ լռեց, ասես մի վիթխարի ձեռք թափով խցոց մտցրեց նրա բերանը: Ու Ռեդրիկը տեսավ, թե ինչպես էքսկավատորի շերեփի ստվերում թաքնված թափանցիկ դատարկությունը ճանկեց նրան, նետեց օդ ու դանդաղորեն, ասես ճիգ գործադրելով, քամեց, ինչպես կանայք լվացք են քամում: Ռեդրիկը հասցրեց նկատել, ինչպես փոշոտ կոշիկներից մեկը պոկվեց թպրտացող ոտքից ու թռավ հանքի վերևով: Ապա նա շրջվեց ու նստեց գետնին: Նրա գլխում չկար և ոչ մի միտք, ու նա դադարեց զգալ ինքն իրեն: Չորս կողմը լռություն էր, ու հատկապես լուռ էր թիկունքում, ճանապարհի վրա: Այդժամ նա հիշեց տափաշշի մասին, հիշեց առանց սովորական ուրախության, որպես դեղ, որն ընդունելու ժամն էր: Նա բացեց կափարիչն ու սկսեց խմել փոքրիկ, ժլատ կումերով և կյանքում առաջին անգամ ցանկացավ, որ տափաշշում ոչ թե վիսկի լինի, այլ սառը ջուր...

Անցավ բավականին երկար ժամանակ, ու նրա գլխում սկսեցին հայտնվել քիչ թե շատ կապակցված մտքեր: Դե, ամեն ինչ վերջացավ, մտածում էր նա: Ճանապարհը բաց է: Հիմա արդեն կարելի է գնալ, բայց ավելի լավ է մի քիչ էլ սպասի: "Մսաղացները" սիրում են օյիններ խաղալ: Համ էլ՝ մտածել է պետք: Արտառոց բան է մտածելը, այ դա է դժվարը: Ի՞նչ է նշանակում "մտածել": Մտածել՝ նշանակում է ստել, ճարպկորեն ճողոպրել, մատի վրա խաղացնել... Բայց չէ՞ որ այս ամենը հիմա պետք չէ...
Դե լավ, Կապիկ, հայրիկ... Վրեժխնդիր լինել բոլորից, այդ իժերի հոգին հանել, թող նրանք էլ այդ զիբիլը լափեն, ոնց որ ես էի լափում... Չէ, Շեկ, չեղավ... Այսինքն, հենց դա է... Իհարկե: Բայց ի՞նչ է նշանակում այս ամենը: Իսկ ես ի՞նչ եմ ուզում: Չէ՞ որ սա հայհոյանք է, և ոչ թե մտածել: Նա սառեց ինչ-որ մի ահավոր կանխազգացումից և, միանգամից թռչելով բազում ամենատարբեր դատողությունների վրայից, որոնք դեռ պիտի լինեին, մոլեգնորեն հրամայեց ինքն իրեն. դու, Շեկ, այստեղից ոչ մի տեղ չես գնա, մինչև կարգին չմտածես ինչն ինչոց է, կսատկես այդ գնդիկի կողքին, կտապակվես, կփտես, բայց չես գնա...
Աստված իմ, որտե՞ղ են բառերը, որտե՞ղ են իմ մտքերը: Նա կիսաբաց բռունցքով ուժգին խփեց դեմքին: Չէ՞ որ ամբողջ կյանքում նա ոչ մի միտք չէր ունեցել: Սպասիր, սպասիր, Կիրիլն էլ էր ինչ-որ նման բան ասում... Կիրիլ: Նա տենդագին փորփրում էր հիշողությունները, ու հառնում էին ինչ-որ բառեր՝ ծանոթ ու անծանոթ, բայց դրանք այն բառերը չէին, որովհետև Կիրիլից բառեր չէին մնացել: Կիրիլից մնացել էին ինչ-որ աղոտ պատկերներ՝ շատ բարի, սակայն բացարձակապես անճշմարտանման պատկերներ:
Ստորություն, ստորություն... Այստեղ էլ նրանք ինձ խաբեցին, առանց լեզու թողեցին ինձ... Իժեր... Սրիկաներ... Ոնց որ սրիկա եղել է, այդպես սրիկա էլ պառավել է... Այ դա պիտի չլինի: Դու լսու՞մ ես: Որ ապագայում դա մեկընդմիշտ արգելվի: Մարդը ծնվել է, որպեսզի մտածի (ահա նա՝ Կիրիլը, վերջապես...): Միայն թե ես դրան չեմ հավատում... Առաջ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում, ու թե ինչի համար է մարդը ծնվել՝ չգիտեմ: Ծնվել է, ուրեմն ծնվել է: Ուտում են՝ ով ինչ կարողանում է: Թող մենք բոլորս էլ առողջ լինենք, իսկ նրանք բոլորը թող սատկեն: Իսկ ովքե՞ր ենք մենք: Ովքե՞ր են նրանք: Անհասկանալի բաներ են: Ես ինձ լավ եմ զգում՝ Բարբրիջն է իրեն վատ զգում, Բարբրիջն է լավ զգում՝ Ակնոցավորի համար է վատ, Խռպոտն իրեն լավ է զգում՝ բոլորն են վատ զգում, և ինքը Խռպոտն էլ է վատ, միայն թե նա՝ հիմարը, երևակայում է, թե կկարողանա ժամանակին գլուխը պրծացնել... Տեր աստված, չէ որ սա շիլափլավ է, շիլափլավ: Ես ամբողջ կյանքումս կռվում եմ կապիտան Քվոթերբլադի հետ, իսկ նա իր ողջ կյանքում կռվել է Խռպոտի հետ, ու ինձնից՝ դմբոյիցս, միայն մի բան է ուզել՝ որ ես թողնեմ ստալկերությունը: Բայց դե ո՞նց կարող էի թողնել ստալկերությունը, երբ պետք է կերակրեի ընտանիքիս: Աշխատեի՞: Բայց ես չեմ ուզում ձեզ համար աշխատել, սիրտս խառնում է ձեր աշխատանքից. դուք կարո՞ղ եք սա հասկանալ: Ես այսպես եմ կարծում. եթե ձեր մեջ մարդը աշխատում է, ուրեմն նա աշխատում է ձեզանից մեկնումեկի համար, ու նա ստրուկ է և ուրիշ ոչինչ, իսկ ես միշտ ուզել եմ ազատ լինել, ուզել եմ լինել ես ինքս, որ թքեմ բոլորի վրա, ձեր թախիծի ու ձեր ձանձրույթի վրա...
Նա խմեց մնացած կոնյակը ու, ինչքան ուժ ուներ, տափաշիշը զարկեց գետնին: Տափաշիշը վեր թռավ, փայլատակելով արևի տակ, ու գլորվեց ինչ-որ տեղ, և Ռեդրիկն իսկույն մոռացավ նրա մասին: Հիմա նա նստած էր աչքերը ձեռքերով փակած, ու փորձում էր արդեն ոչ թե հասկանալ, ոչ թե մտածել, այլ գոնե տեսնել ինչ-որ մի բան, ինչպես պետք է որ լինի... Բայց դարձյալ ու դարձյալ տեսնում էր միայն մռութներ, մռութներ, մռութներ... Կանաչ փողեր, շշեր, քրջերի կույտեր, որոնք ժամանակին մարդ են եղել, թվերի սյունակներ... Նա գիտեր, որ պետք է ոչնչացնել այդ ամենը, և ուզում էր ոչնչացնել, բայց գլխի էր ընկնում, որ եթե այդ ամենը ոչնչացվի, ապա բան չի մնա, բացի հարթ ու ամայի հողից: Անզորությունից ու հուսահատությունից նա նորից ուզեց մեջքը հենել ու գլուխը հետ գցել: Նա վեր կացավ, մեքենաբար թափ տվեց շորերին կպած փոշին ու սկսեց իջնել քարհանք:

Արևն այրում էր, աչքերի առջև լողում էին կարմիր բծեր, քարհանքի հատակին դողդողում էր օդը, և այդ դողդոջուն օդի մեջ թվում էր, թե գունդը պարում է տեղում, ինչպես լողանը ալիքների վրա: Ռեդրիկն անցավ շերեփի մոտով, սնահավատորեն ոտքերը բարձրացնելով և ուշադիր հետևելով, որ չտրորի սև բծերը, իսկ հետո, խրվելով փխրուն հողի մեջ, քարհանքի մեջտեղով ուղիղ գնաց դեպի պարող ու թրթռացող գունդը: Նա կորել էր քրտնքի մեջ, շնչահեղձ էր լինում շոգից, բայց միաժամանակ սառը մի դող պատում էր նրա մարմինը, ու նա ցնցվում էր, ինչպես հարբած ժամանակ, իսկ ատամների տակ կրճտում էր անհամ կավափոշին: Ու նա այլևս չէր փորձում մտածել: Միայն հուսահատորեն կրկնում էր աղոթքի պես."Ես կենդանի եմ, դու հո տեսնում ես, որ ես կենդանի եմ: Ես բառեր չունեմ, ինձ բառեր չեն սովորեցրել, ես չեմ կարողանում մտածել, այդ իժերը չթողեցին, որ ես մտածել սովորեմ: Բայց եթե դու իսկապես այդպիսին ես... ամենազոր, ամենակարող, ամենագետ՝ ինքդ հասկացիր: Նայիր իմ հոգու մեջ, ես գիտեմ, որ այնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք է: Պետք է լինի: Չէ որ ես իմ հոգին երբեք և ոչ մեկին չեմ ծախել: Դա իմն է, մարդկային: Դու ինքդ ինձնից դուրս քաշիր իմ ուզածը, չէ որ անհնարին բան է, որ ես վատը կամենամ: Անիծյալ լինի ամեն ինչ, ես ոչ մի բան չեմ կարողանում մտածել, բացի նրա բառերից. "Երջանկություն բոլորի համար, ձրի, ու թող ոչ ոք նեղացած չգնա":


"Խնջույք ճամփեզրին" էջ 396-401, Ստրուգացկի եղբայրներ - "Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ" ժողովածու 1988